Մատչելի հղումներ

Բրազիլիայի իշխանությունները ցանկանում են զրուցել Սնոուդենի հետ


Բրազիլիայի Սենատը նախատեսում է դիմել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատողի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը և երկրի Սենատի հանձնաժողովներից մեկը ցանկություն են հայտնել զրուցելու ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի հետ՝ Լատինական Ամերիկայի խոշորագույն պետության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային հետախուզության ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:

Սնոուդենի կողմից այս տարի ավելի վաղ բացահայտված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ը իրականացրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հեռախոսազրույցների և էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնալսում, ներթափանցել Բրազիլիայի պետական նավթային «Petrobras» ընկերության համակարգչային ցանցեր և ստացել տեղեկություններ Բրազիլիայի տարածքով անցնող միլիարդավոր հեռախոսազրույցների և էլեկտրոնային հաղորդագրությունների մասին:

«Մեր կողմից իրականացվող հետաքննության նպատակներով չափազանց կարևոր է հարցաքննել Սնոուդենին: Նա կարող է տրամադրել հետաքննության առաջխաղացմանը նպաստող տեխնիկական մանրամասներ», - ասել է Բրազիլիայի դաշնային ոստիկանության հետախուզության վարչության պետ Հոսե Ալբերտո Ֆրեյտասը՝ հանդես գալով ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից էլեկտրոնային գաղտնալսման ծրագրերի հետաքննությունն իրականացնող Բրազիլիայի Սենատի հանձնաժողովի նիստին:

Հանձնաժողովի ղեկավար Ռիկարդո Ֆերակոն իր հերթին ասել է, որ հինգշաբթի օրը նախատեսում է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատողի Սնոուդենի հետ տեսակոնֆերանս կազմակերպելու միջոցով հարցազրույց անցկացնելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի ԱԱԳ-ի էլեկտրոնային գաղտնալսման ծրագրերի մասին տեղեկանալուն պես Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չեղյալ էր հայտարարել Միացյալ Նահանգներ պետական այցով ժամանելու իր ծրագրերը: Ռուսեֆը, բացի այդ, սեպտեմբեր ամսին հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հորդորել էր միջազգային հանրությանը մշակել գաղտնի տեղեկությունների և համացանցում լրտեսական գործունեության սահմանափակման ուղղված միջազգային իրավական փաստաթղթեր:
XS
SM
MD
LG