Մատչելի հղումներ

Բրազիլիայի նախագահը դադարեցրել է ԱՄՆ այցելելու ծրագրերը


«ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության լրտեսական ծրագրի շուրջ ժամանակին հետաքննություն չանցկացնելու պատճառով չկա որևէ պայման՝ այցն ըստ ծրագրածի անցկացնելու համար»

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը դադարեցրել է գալիք ամիս ԱՄՆ այցելելու ծրագրերը՝ իր երկրի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից համակարգչային լրտեսություն իրականացնելու հետ կապված մտահոգությունների պատճառով:

Ըստ նախնական ծրագրերի, նախագահ Ռուսեֆը պետք է ժամանել Վաշինգտոն հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում պետական առաջին այցով: Ռուսեֆի գրասենյակը սակայն հայտնել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության լրտեսական ծրագրի շուրջ «ժամանակին հետաքննություն չանցկացնելու պատճառով չկա որևէ պայման՝ այցն ըստ ծրագրածի անցկացնելու համար»:

Նախագահներ Օբամայի և Ռուսեֆի գրասենյակները հայտնել են այն մասին, որ նախագահները համաձայնության են եկել այցը հետաձգելու մասին նախօրեին անցկացված հեռախոսազրույցից հետո:

Բրազիլիայի նախագահի գրասենյակը վստահություն է հայտնել, որ նախագահ Ռուսեֆի պետական այցը հնարավոր կլինի անցկացնել այն ժամանակ, երբ գաղտնալսումների հետ կապված խնդիրները «կկարգավորվեն պատշաճ եղանակով»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի համաձայն, նախագահ Օբաման ակնկալում է ողջունել Բրազիլիայի նախագահին Վաշինգտոնում «երկու կողմերի միջև համաձայնեցված օրը»:

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների վրա չպետք է ազդեցություն գործի երկկողմանի այս խնդիրը՝ «անկախ այն բանից, թե որքան կարևոր կամ դժվարին լինի այն»:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Բրազիլիայի հեռուստատեսությամբ ցուցադրվել է հաղորդում, որը պատմում էր այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ի ԱԱԳ-ը հետևում էր Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրություններին և հեռախոսազրույցներին: Հեռուստաընկերության համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ի լրտեսական գործունեության վերաբերյալ զեկույցի համար նյութեր տրամադրվել էին ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից՝ Ռիո դե Ժանեյրոյում բնակվող լրագրող Գլեն Գրինվալդի միջոցով:
XS
SM
MD
LG