Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՄԶԳ-ը վտարվել է Բոլիվիայից


Բոլիվիայի նախագահ Մորալեսը մեղադրել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը երկրի ներքին գործերին խառնվելու մեջ

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտնել է երկրից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը վտարելու մասին՝ մեղադրելով այն երկրի ներքին գործերին խառնվելու մեջ:

Մորալեսը, հանդես գալով երկրի մայրաքաղաք Լա Պասում Աշխատանքի և աշխատավորներ օրվան նվիրված միջոցառման ընթացքում, ասել է, թե Միացյալ Նահանգներն այլևս «չի աղավաղի Բոլիվիայի տնտեսությունն ու քաղաքականությունը»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փեթրիկ Վենթրելի համաձայն, Միացյալ Նահանգները ցավում է նախօրեին տեղի ունեցած վտարման փաստի կապակցությամբ: Արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Բոլիվիայի ներքաղաքական զարգացումների մեջ ներգրավված լինելու մասին մեղադրանքներն անհիմն են՝ հավելելով, որ Բոլիվիայի իշխանությունների նման որոշումից առաջին հերթին կտուժեն այս երկրի քաղաքացիները, որոնց ԱՄՆ-ի ՄԶԳ-ն օժանդակություն էր տրամադրում առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության գործում:

ԱՄՆ-ի ՄԶԳ-ը Բոլիվիայում գործում էր 1964 թվականից: Վերջին 50 տարվա ընթացքում այդ երկրում ծրագրերի իրականացման վրա ծախսվել է շուրջ 2 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG