Մատչելի հղումներ

Ուկրաինայում քվեարկությունը խաթարելու դեպքում Ռուսաստանն ավելի խիստ պատժամիջոցների կենթարկվի. ԱՄՆ-ի փոխնախագահ


Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ Բուխարեստում չորեքշաբթի օրն ունեցած հանդիպումից հետո Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանը «շատ թանկ է վճարելու»՝ նման գործողությունների դիմելու դեպքում

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի խիստ պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի նկատմամբ, եթե այս երկիրը խաթարի Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները:

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ Բուխարեստում չորեքշաբթի օրն ունեցած հանդիպումից հետո Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանը «շատ թանկ է վճարելու»՝ նման գործողությունների դիմելու դեպքում:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, նախօրեին հանդես գալով Ռումինիայում, ասել է, որ «Եվրոպայի սահմաններն այլևս չպետք է փոփոխվեն՝ ատրճանակի փողի տակ»:

Փոխնախագահ Բայդենը Ռումինիայում է գտնվում ՝ Միացյալ Նահանգների կողմից արևելաեվրոպական իր դաշնակիցներին տարածաշրջանի պետությունները սատարելու պատրաստակամության մեջ վստահեցնելուն միտված այցի շրջանակներում:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը երեքշաբթի օրը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խռովությունների պատճառով արդեն 10 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները, և տեղահանված անձանց թիվը շարունակում է աճել:

ՄԱԿ-ի համաձայն, կազմակերպությունը նրանց տրամադրում է իրավաբանական և ֆինանսական, ինչպես նաև ժամանակավոր կացության պայմանների բարելավմանն ուղղված աջակցություն:

Ուկրաինայի արևելյան քաղաքների մի քանի հազար բնակիչ նախօրեին մասնակցել էր երկրի ամենահարուստ մարդու՝ մետաղագործական ոլորտում գործող միլիարդատեր Ռինատ Ախմետովի կողմից կազմակերպված բողոքի խաղաղ ցույցերին: Ախմետովը մեղադրել է անջատողականների խմբավորումներին կողոպուտ իրականացնելու մեջ՝ շեշտելով, որ «վերջիններիս պայքարն ուղղված է տարածաշրջանի բնակիչների դեմ»:
XS
SM
MD
LG