ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուները Կենտուկի նահանգում կայացած հեռուստաբանավեճի ընթացքում շատ վաղ և հաճախ են տարաձայնություն արտահայտել Միացյալ Նահանգների տնտեսությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, փորձելով վերականգնել անցյալ շաբաթ կայացած նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում նախագահ Օբամայի անհաջող ելույթի պատճառով կորսված դիրքերը, եռանդուն կերպով պաշտպանել է ԱՄՆ-ի Սպիտակ տան քաղաքականությունը՝ կոչ անելով կոնգրեսական Ռայանին և հանրապետական օրենսդիրներին «ազատել ճանապարհը» և հնարավորություն տալ նախագահ Օբամայի վարչակազմին «կարգի բերել դանդաղ աճող տնտեսությունը»:
Կոնգրեսական Ռայանն, արձագանքելով Բայդենի խոսքերին, ասել է, որ չորս տարի անց նախագահ Օբաման և ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների ներկայացուցիչները կրում են ամբողջ պատասխանատվությունը ստեղծված այնպիսի մի տնտեսական իրավիճակի համար, որի պատճառվ երկրի բնակչության 15 տոկոսն ապրում է աղքատության մեջ:
Թեկնածուները տարաձայնություն են արտահայտել նաև Աֆղանստանից 2014 թվականին օտարերկրյա ստորաբաժանումները դուրս բերելու ծրագրի վերաբերյալ: Կոնգրեսական Ռայանի համաձայն, զորքերի դուրսբերումը հավասար է թուլության ցուցաբերման:
Սիրիայի հարցի շուրջ կոնգրեսական Ռայանը մեղադրել է Օբամայի վարչակազմին որևէ գործողության չդիմելուն՝ հավելելով, որ սա դարձել է ծավալված հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր զոհերի պատճառը: Ի տարբերություն, փոխնախագահ Բայդենն բարձր է գնահատել նախագահ Օբամայի համագործակցությունը ԱՄՆ-ի դաշնակիցների հետ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում:
Անդրադառնալով անցյալ ամիս Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանի սպանությանը, Ռայանը քննադատել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը և նշել, որ Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգությունը դրված չէր բավարար մակարդակի վրա: Բայդենն արձագանքել է՝ «ողբերգություն» անվանելով ԱՄՆ-ի դեսպանի մահվան պատճառը դարձած հարձակումը և խոստանալով, որ կատարված սխալներն այլևս չեն կրկնվի:
Իրանի հարցի շուրջ Ռայանը մեղադրել է Օբամայի վարչակազմի զբաղեցրած «ոչ արժանահավատ» դիրքը, որի պատճառով Իրանը դարձել է «էլ ավելի լկտի»: Բայդերը, պատասխանելով մեղադրանքներին, հիշեցրել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգներն այժմ կիրառում են «պատմության մեջ ամենակործանիչ պատժամիջոցները»:
Փոխնախագահի թեկնածուները բանավիճել են նաև առողջապահության ոլորտում ԱՄՆ-ում տիրող իրավիճակի շուրջ: Բայդենը պնդել է, որ Ռայանը կորցրել է կապը աշխատավոր ամերիկացիների հետ՝ վերջինիս կողմից պետական ծախսերը կրճատելու և մեծահասակների համար «Մեդիքեր» առողջապահական ապահովագրության համակարգից օգտվելու համար «վաուչերային» համակարգ ստեղծելու ծրագրեր մշակելու պատճառով:
Արձագանքելով այս մեղադրանքներին, Ռայանն ասել է, որ նախագահ Օբամայի կողմից մշակված առողջապահական ծրագիրը «Մեդիքեր»-ից խլել է 716 միլիարդ դոլար և ստեղծել մի խորհուրդ, որը կարող է մերժել բժշկական ապահովագրությունը դրա կարիքն ունեցող անձանց:
ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուներն ընտրարշավի ընթացքում ունեին հեռուստաբանավեճ անցկացնելու ընդամենը մեկ հնարավորություն: Նախագահական թեկնածուներ Ռոմնին ու Օբաման սակայն մինչև նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունները հեռուստաբանավեճ կանցկացնեն ևս երկու անգամ: