Մատչելի հղումներ

Բայդեն. «Անվտանգությունն ապահովելու ՆԱՏՕ-ի պարտավորությունն հաստատակամ է»


Վաշինգտոնը կդիմի լրացուցիչ քայլերի՝ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին երեքշաբթի օրը հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատակամ է հարձակումներից իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում:

ԱՄՆ-ի փոխնախագահը երեքշաբթի օրը Վարշավայում մեկնարկել է իր երկօրյա առաքելությունը, որի նպատակն է Ռուսատանի արևելյան սահմանի մոտակայքում գտնվող պետություններին, որոնք ունեն հաջորդ Ղրիմը դառնալու մտավախություն, Միացյալ Նահանգների աջակցության վերահաստատումը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասքի հետ անցկացված բանակցություններից հետո Բայդենն ասել է, որ նրանք քննարկել են Ռուսաստանից ներմուծվող գազից, որը, ըստ ԱՄՆ-ի, Կրեմլն օգտագործում է որպես քաղաքական ճնշում գործադրելու լծակ, տարածաշրջանի կախվածության նվազեցման հնարավորությունները, ինչպես նաև վերահաստատել են որպես ՆԱՏՕ-ի դաշինքի անդամներ երկու պետությունների փոխադարձ պարտավորությունները:

ԱՄՆ-ի փոխնախագահը Լեհաստանի վարչապետի հետ անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսատանի առաջնորդները հապճեպ անօրինական հանրաքվե են անցկացրել: Ըստ Բայդենի, զարմանալի չէ, որ գրեթե ամբողջ աշխարհը դեմ է հանդես եկել նման հանրաքվեի անցկացմանը:

«Լեհաստանի և միջազգային հանրության հետ միասին դատապարտում ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումն ու միջազգային իրավունքի բացահայտ խախտումը», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը՝ հավելելով. «Ռուսաստանը տարատեսակ փաստարկներ է ներկայացել՝ արդարացնելու այն, ինչ իրենից պարզապես տարածքի գրավում է ներկայացնում: Աշխարհը սակայն լավ է տեսնում Ռուսաստանի գործողությունները և հերքում է նման գործողությունների հետևում կանգնած տրամաբանությունը, սխալ տրամաբանությունը»:

Փոխնախագահ Բայդենի համաձայն, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցում են ՆԱՏՕ-ի անդամներին՝ միասնական լինելու անհրաժեշտության մասին: Նրա համաձայն, դաշինքի համար հիմնարար են անվտանգության միասնական երաշխիքները, և Վաշինգտոնը կդիմի լրացուցիչ քայլերի՝ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար:
XS
SM
MD
LG