Մատչելի հղումներ

Բերնանկեն լավատեսություն է արտահայտել ԱՄՆ-ի տնտեսության վիճակի կապակցությամբ


ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկե
ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկե

Բերնանկեն զգուշացրել է, որ երկարաժամկետում բյուջեի պակասորդի և առողջապահական ծախսերի խնդիրներն ապագայում «դժվարին որոշումներ կայացնելու» անհրաժեշտություն կներկայացնեն

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի՝ դաշնային պահուստային համակարգի ներկայիս նախագահ Բեն Բերնանկեն Միացյալ Նահանգների սենատորների հետ հանդիպման ընթացքում լավատեսություն է արտահայտել երկրի տնտեսության ապագայի կապակցությամբ՝ միաժամանակ զգուշացնելով, որ երկարաժամկետում բյուջեի պակասորդի և առողջապահական ծախսերի խնդիրներն ապագայում «դժվարին որոշումներ կայացնելու» անհրաժեշտություն կներկայացնեն:

Բերնանկեն, որի պաշտոնավարումն ավարտի է մոտենում այս ամսվա վերջին, դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորների հետ աշխատանքային փակ ճաշկերույթի ընթացքում նշել է, որ դաշնային բյուջեի պակասորդի նվազեցումն ու էներգետիկական ոլորտում երկրի դիրքերի բարելավումը ԱՄՆ-ի տնտեսության հզորացմանը նպաստող դրական գործոններ են:

Հանդիպմանը մասնակցած սենատորների փոխանցմամբ՝ Դաշնային պահուստային համակարգի ներկայիս նախագահը, նշելով, որ գալիք մի քանի տարիները կլինեն առավել քաջալերող, միաժամանակ հիշեցրել է երկարաժամկետում մնացող մարտահրավերների մասին, որոնք, ի թիվս այլոց, ներառում են առողջապահության ոլորտի ծրագրերը:

Միացյալ Նահանգների բնակչության շրջանում տարեց մարդկանց գնալով ավելացող թիվը կավելացնի դաշնային կառավարության վրա գործադրվող ճնշումները՝ ծերերին, չքավորներին և հաշմանդամներին կենսաթոշակով և առողջապահական նպաստներով ապահովման առումով:

Բերնանկեն սենատորների հետ հանդիպումն ավարտելուց հետո լրագրողների հետ չի հանդիպել, իսկ ԱՄՆ-ի կենտրոնական բանկի խոսնակը հրաժարվել է հանդիպման վերաբերյալ որևէ մեկնաբանություններ ներկայացնելուց:
XS
SM
MD
LG