Մատչելի հղումներ

Բերլուսկոնին վտարվել է Իտալիայի խորհրդարանից


Բերլուսիոնին խոստացել է շարունակել ներգրավվածությունը Իտալիայի քաղաքական կյանքի մեջ

Իտալիայի խորհրդարանը երկրի օրենսդրական մարմնից վտարել է վարչապետի պաշտոնը երեք անգամ զբաղեցրած Սիլվիո Բերլուսիոնիին, որը սակայն խոստացել է շարունակել իր ներգրավվածությունը քաղաքական կյանքի մեջ:

Բերլուսկոնիին Իտալիայի Սենատից վտարելու մասին որոշման համար հիմք է ծառայել նախկին վարչապետին հարկային խարդախությունների կատարման մեջ մեղավոր ճանաչելու հանգամանքը:

Իտալիայի նախկին վարչապետին, բացի այս, սպառնում է ազատազրկում՝ անչափահասին սեռական ծառայություններ մատուցելու համար վարձելու և պետական պաշտոնյաներին այս հանգամանքն այնուհետև քողարկել ստիպելու մեղադրանքներով: Բերլուսկոնին սակայն պնդում է, թե չի կատարել այս հանցագործությունները, և բողոքարկել է դատարանի որոշումը:

Նախկին վարչապետ Բերլուսկոնին Իտալիայի Սենատում դեռևս ունի հավատարիմ աջակիցներ, սակայն իր անվան հետ կապված սկանդալները վերաձևավորել են բազմաթիվ կուսակցություններից բաղկացած օրենսդրական այս մարմինը: Այսպես, Սիլվիո Բերլուսիոնիի քաղաքական դաշնակից Անջելինո Ալֆանոն այս ամսվա սկզբին հայտարարել է Բերլուսկոնիի կուսակցությունից հեռանալու և երկրի ներկայիս վարչապետ Էնրիկո Լետտայի կառավարությանը հավատարիմ աջ կենտրոնամետ կուսակցություն ձևավորելու մասին:
XS
SM
MD
LG