Մատչելի հղումներ

Հալեպի համար պայքարը շարունակվում է


Մեծ Բրիտանիան Սիրիայի ապստամբներին մոտ ութ միլիոն դոլարի հեռահաղորդակցման սարքավորումներ և բժշկական նյութեր կհատկացնի

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ ուրբաթ օրը կառավարական ստորաբաժանումները նոր ռմբակոծություններ են իրականացրել Հալեպում՝ շարունակելով երկրի ամենամեծ քաղաքում ապստամբների դեմ ուղղված մարտական գործողությունները:

Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է հրետանային նոր հարվածների, ինչպես նաև ապստամբների ու կառավարական ուժերի միջև Հալեպում տեղի ունեցող բախումների մասին:

Քաղաքում գտնվող լրագրողները հայտնել են, որ կառավարական ուժերին հինգշաբթի օրն իրականացված գրոհի արդյունքում հաջողվել է վերահսկողություն հաստատել ապստամբների կողմից նախկինում զբաղեցրած տարածքների նկատմամբ: Ապստամբ ուժերը սակայն խոստացել են շարունակել դիմադրությունը՝ չնայած զենքի և զինամթերքի անբավարար պաշարների մասին անընդհատ հնչող բողոքներին:

Ապստամբների դաշնային հրամանատար Մալեք ալ-Քուրդին «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությանը հայտնել է, որ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ շրջաններում գործող ապստամբներին խիստ անհրաժեշտ է միջազգային հանրության օժանդակությունը:

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրը հայտնել է Սիրիայի ապստամբներին որպես օգնություն մոտ ութ միլիոն դոլարի հեռահաղորդակցման սարքավորումներ և բժշկական նյութեր հատկացնելու մասին: Արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ այժմ անհրաժեշտ է կառուցել հարաբերությունները «Սիրիայի ապագա ղեկավարների հետ»:

Գումարները, ըստ Հեյգի, չեն ծախսվելու զենք գնելու նպատակով:

Արտգործնախարար Հեյգն ասել է նաև, որ Մեծ Բրիտանիան ավելացնելու է Սիրիայի ընդդիմության հետ իր շփումները՝ շեշտելով, որ ապստամբները պետք է պահպանեն մարդու իրավունքների չափանիշները:
XS
SM
MD
LG