Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերընտրվել է


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերընտրվել է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերընտրվել է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է Բան Կի-մունին ևս հինգ տարով համաշխարհային այս կազմակերպության ղեկավարի պաշտոնում թողնելու օգտին։

Ասամբլեան, որին անդամակցում է աշխարհի 192 պետություն, միաձայն հավանության է արժանացրել գործող Գլխավոր քարտուղարի թեկնածությունը, որի պաշտոնավարման երկրորդ ժամկետը սկսվելու է գալիք տարվա հունվարի 1-ից։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ շաբաթ հավանության է արժանացրել Հարավային Կորեայի նախկին արտգործնախարար, 67-ամյա Բան Կի-մունի թեկնածությունը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականի հունվարի 1-ից։ Վերընտրված Գլխավոր քարտուղարի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվում է 2016 թվականի վերջին։

Իր պաշտոնավարման ընթացքում Բան Կի-մունի հիմնական առաջնահերթություններից էին կլիմայի փոփոխությունը, զինաթափումը, գենդերային հավասարությունը, խաղաղությունն ու անվտանգությունը։ Նա շատ հաճախ է մեկնել գործուղումների՝ անձամբ հասցնելով միջազգային համայնքի օգնությունը ճգնաժամային իրավիճակներում գտնվող երկրներին։

Քննադատները, սակայն, բավարար չեն համարում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նրա գործունեությունը և բողոքում, որ Բան Կի-մունի կողմից իրականացվող «լուռ դիվանագիտության» միջոցով չի հաջողվել սանձահարել աշխարհի բռնակալներին։

XS
SM
MD
LG