Բահրեյնի իշխող ընտանիքը երկրի անվտանգության ուժերը բերել է բարձր զգոնության՝ երկրի ընդդիմադիր ուժերի կողմից բողոքի ցույցերի անցկացման հնարավորության պատճառով։ Ընդդիմադիր ուժերը ցույցեր կազմակերպելու համար սոցիալական ցանցեր են օգտագործում։
Նրանք երկուշաբթի օրը «Ցասման օր» են հայտարարել և կոչ արել ժողովրդին իրենց դժգոհությունն արտահայտել սունի փոքրամասնությունը ներկայացնող իշխող ընտանիքի կողմից ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացնելու դեմ։ Բահրեյնում մեծամասնություն կազմող շիա համայնքը վաղուց է դժգոհում երկրում իշխող ալ-Խալիֆա ընտանիքի կողմից իրականացվող խտրականությաններով։
Բահրեյնի իշխանությունները կիրակի օրը սկսել են անվտանգության ուժերի ծառայողներ ուղարկել շիաներով բնակեցված գյուղեր՝ մարդկանց տեղափոխություններին հետևելու համար։ Շիա գյուղերից մեկում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է օգտագործել գյուղում անցկացվող հարսանյաց հանդեսի ընթացքում բողոքի ցույց կազմակերպած երիտասարդների դեմ, ինչն արդյունքում մեկ մարդ վնասվածքներ է ստացել։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս գյուղում ոստիկանության վրա հարձակում է կատարվել։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Բահրեյնի Համադ թագավորը ձեռնարկել է ակնկալվող ցույցերի անցկացումը կասեցնելուն ուղղված որոշ գործողություններ։ Այս ամսվա սկզբին երկրի կառավարությունը Բահրեյնում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել է 2 600 դոլար կազմող կանխիկ գումար և ավելացրել սննդի նպաստները։
Բացի այդ, երկրի կառավարությունը խոստացել է ընդլայնել մամուլի ազատությունը՝ սահմանափակելով լրատվամիջոցների վերահսկողությունը պետության կողմից։
Բահրեյնը նավթի փոքր ծավալներ արդյունահանող պետություն է, որն Արևմուտքի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այստեղ է տեղակայված ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը։