Մատչելի հղումներ

Ադրբեջանը բողոքում է Արցախում Հայաստանի զինված ուժերի ներկայության դեմ


Ադրբեջանը բողոքում է Արցախում Հայաստանի զինված ուժերի ներկայության դեմ

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակությունը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեային` մեղադրելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղի տարածքում զորավարժություններ անցկացնելու և հայկական բանակի ներկայությունը թաքցնելու մեջ:

«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թոֆիգ Մուսաևի կողմից ստորագրված նամակում նշվում է, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի ունեցած միջադեպի քննությունը, մամուլի բազմաթիվ հաղորդագրությունների համաձայն, անցկացվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետաքննչական վարչության կողմից, ինչը վկայում է Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայության մասին:

Նամակում նշվում է նաև, որ նույն ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացվել են Հայաստանի բանակի զորավարժություններ:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության նամակը քննադատում է նաև հայկական բանակի զինվորների առջև Հայաստանի նախագահի արտասանած ելույթը` այն անվանելով «ռազմատենչ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեային հղված նամակն ավարտվում է մի շարք պահանջներով, որոնք, ըստ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության, «անհրաժեշտ է իրականացնել` հարատև և կայուն խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու համար»:

XS
SM
MD
LG