Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է կոնգրեսական Ռոյսի գլխավորած պատվիրակությունը


ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է, թե «շատ կարևոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ձեռնարկի հակամարտության արդարացի կարգավորմանն ուղղված հստակ քայլեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում կոնգրեսական Ռոյսը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «գերազանց» է գնահատել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում առկա երկկողմանի հարաբերությունները:

Էդ Ռոյսը, ըստ հաղորդագրության, գովասանքի խոսքեր է ուղղել երկու պետությունների միջև բազում ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանի հետ առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի համագործակցությանը:

Ադրբեջանի նախագահ Ալիևը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, գոհունակություն է արտահայտել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ, կարևորել է երկու պետությունների օրենսդրական մարմինների միջև համագործակցության զարգացումը:

ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է, թե «շատ կարևոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ձեռնարկի հակամարտության արդարացի կարգավորմանն ուղղված հստակ քայլեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված արարողություններին:
XS
SM
MD
LG