Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելիին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցյալ ամսվա սկզբին առանձին անցկացված հանդիպումներից հետո հանդես էին եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշվել էր, որ Համանախագահները կրկին հայտնել էին իրենց դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական ավիացիայի թռիչքների խնդրի շուրջ իրենց ունեցած մտահոգությունների մասին, ինչպես նաև, շփման գոտում գրանցված բռնությունների կապակցությամբ, քննարկել էին զինադադարն ամրապնդելու գաղափարները:
XS
SM
MD
LG