Ադրբեջանում հունիսի 26-ին տեղի է ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամեծ ռազմաշքերթը: Բաքվում բանակի օրվա կապակցությամբ անցկացված շքերթին մասնակցել է 6000 զինվորական և ռազմական 400 միավոր:
Շքերթին ցուցադրվել են նաև Ռուսաստանից ձեռքբերված Ս 300 հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց առկայության մասին մինչ այս հակասական քննարկումներ էին ընթանում: Ադրբեջանական օդուժը հանդես է եկել 35 ուղղաթիռներով և ռազմական 22 օդանավերով: Ցուցադրվել են նաև հետախուզական նպատակ ունեցող հեռակառավարվող, անօդաչու թռչող օդանավեր:
Զինվորական շքերթին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը հասել է իր կողմից տրված խոստման իրականացմանը. “Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է քան Հայաստանի ողջ պետական բյուջեն և այս գործընթացը շարունակվելու է, քանի դեռ մեր հողերն ազատագրված չեն”, հայտարարել է Ալիևը:
Ի դեպ, կիրակի օրը Բաքվում անցկացված շքերթը Ադրբեջանի անկախությունից ի վեր թվով 3-րդն էր, առաջին երկուսը անց էին կացվել 1992-ին և 2008-ին: