Մատչելի հղումներ

Ադրբեջանը հերքել է Ղարաբաղում տապալված անօդաչու թռչող սարքի հետ առնչությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Լեռնային Ղարաբաղում տապալված անօդաչու թռչող սարքի հետ որևէ առնչություն ունենալու հանգամանքը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հայաստանյան մամուլում հրապարակվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա ոչնչացվել է անօդաչու թռչող մի սարք, որի մնացորդների տեսագրությունը նույն օրը տեղադրվել է «YouTube» կայքում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չորեքշաբթի օրը կոչ է արել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությանը հետաքննել «YouTube» կայքում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքի տապալման վերաբերյալ հրապարակված տեսանյութը, որտեղ ցուցադրվել է Միացյալ Նահանգներում մի քանի գրասենյակ ունեցող կանադական «NovAtel» ընկերության կողմից արտադրված մի բաղադրամաս, և պարզել, արդյոք այս տեսանյութը կարող է հիմք դառնալ ԱՄՆ-ի սպառազինության արտահանման օրենսդրության խախտման հանգամանքի հետաքննության համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակը սեպտեմբերի 12-ին տապալել է երկրի սահմանը հատած անօդաչու թռչող մի սարք:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընին ուղղված իր նամակում ասել է, որ Հանձնախումբը նախկինում արտգործնախարարի ուշադրությունը բազմիցս հրավիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ առաջնորդների կողմից այս երկրի ռազմական աճող զինանոցը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ գործի դնելու կանոնավոր սպառնալիքների վրա, ինչի մասին վկայում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից զոհերի պատճառ դարձած միջսահմանային բազմաթիվ հարձակումները:

«Այս պատճառով ենք մենք հատկապես անհանգստացած այն հնարավորությամբ, որ Ադրբեջանի կողմից ռազմական իրավիճակի լարմանը, բռնություններ իրականացնելու սպառնալիքներին և իրական ագրեսիային կարող են անմիջականորեն կամ ոչ ուղղակի կերպով նպաստել ԱՄՆ-ում արտադրված ռազմական նշանակության արտադրատեսակները, ինչը խախտում է ԱՄՆ-ի օրենքները և Կովկասում և հակասում ամբողջ աշխարհում հակամարտությունները խաղաղ եղանակով լուծելու Ամերիկայի ժողովրդի հավատարմության», - ԱՄՆ-ի արտգործնախարարին ուղղած իր նամակում նշել է Քեն Խաչիկյանը:

XS
SM
MD
LG