Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում վաղվանից ուժի մեջ են մտնում բյուջեի ավտոմատ կրճատումները


85 միլիարդ դոլար ծավալով ավտոմատ կրճատումներն ուժի մեջ են մտնելու ԱՄՆ-ի օրենսդիրների փոխզիջման գալու անկարողության պատճառով

ԱՄՆ-ում ուրբաթ օրը ուժի մեջ են մտնում բյուջեի ավտոմատ կրճատումները, սակայն դեմոկրատական և հանրապետական կուսակցության օրենսդիրները չեն կարողանում համաձայնության գալ այսպես կոչված «սեկվեստրացիայից» խուսափելու համար անհրաժեշտ միջոցների շուրջ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը նախատեսում է հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգների Կոնգրեսի առաջնորդների հետ: Բացի այդ, նույն օրը ուժի մեջ են մտնում 85 միլիարդ դոլար ծավալով ավտոմատ կրճատումները՝ իրավիճակ, որը ստեղծվել է օրենսդիրների կողմից պետական բյուջեի պակասորդը և պետական ծախսերը կրճատելու արդյունքում առավել հավասարակշռված բյուջե ձևավորելու վերաբերյալ փոխզիջման գալու անկարողության պատճառով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, սպասվում է, որ հանդիպումների ընթացքում կծավալվի «կառուցողական քննարկում» այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են՝ ավտոմատ կրճատումներով ստեղծվող իրավիճակին լուծում տալու համար:

Նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ զգուշացրել է, որ կրճատումները ցավոտ են լինելու:

«Այս կրճատումները խելամիտ չեն: Դրանք արդար չեն: Դրանք վնաս կհասցնեն մեր տնտեսությանը: Դրանց հետևանքով հարյուր հազարավոր ամերիկացիներ կլրացնեն գործազուրկների շարքերը: Կրճատումն աբստրակտ չէ: Մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Որոշ հանրապետականներ սակայն պնդում են, որ կրճատումների ծավալը բավարար չէ:

ԱՄՆ-ի Սենատը նախօրեին երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում հաստատել է Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջեք Լյուին: Սպասվում է, որ Լյուին կհայտնվի ԱՄՆ-ի կոնգրեսականների միջև բյուջեի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն ուղղված դժվարին բանակցությունների էպիկենտրոնում:
XS
SM
MD
LG