Մատչելի հղումներ

Ավստրալիայի ափերի մոտակայքում փրկվել է 125 մարդ


Պատահարների պատճառով վերսկսվել են քննարկումներն այն մասին, թե ինչպես հետ պահել ապաստան որոնող տասնյակ հազարավոր մարդկանց ամեն տարի չափազանց վտանգավոր ճանապարհորդություն կատարելուց

Ավստրալիայի իշխանություններին հաջողվել է փրկել չորեքշաբթի օրը Հնդկական օվկիանոսում շրջված փախստականներով լի մի նավակի ուղևորներին:

Փրկարարները Ավստրալիային պատկանող հեռավոր Ծննդյան կղզիների ափից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դեպքի վայրում փրկել են 125 մարդ: Իշխանությունների վկայությամբ, դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ դիակ, անհայտ կորած է դեռևս համարվում մոտ 200 մարդ:

Այս պատահարից ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն վայրում շրջվել է 200 ապաստան որոնողների տեղափոխող ևս մեկ նավակ՝ դառնալով մոտ 90 մարդու մահվան պատճառը:

Ավստրալիայում պատահարների պատճառով վերսկսվել են քննարկումներն այն մասին, թե ինչպես հետ պահել ապաստան որոնող տասնյակ հազարավոր մարդկանց ամեն տարի չափազանց մեծ թվով ուղևորներ և տեխնիկապես վատ վիճակում գտնվող նավակներով վտանգավոր ճանապարհորդություն կատարելուց:

Ավստրալիայի օրենսդիրները չորեքշաբթի օրը քննարկել են մի օրինագիծ, որով նախատեսվում է վերագործարկել Մալայզիայի հետ անցյալ տարի կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է Ավստրալիա նավակներով ժամանող անձանց տեղափոխել Մալայզիա՝ այնտեղից ընդունելով ՄԱԿ-ի կողմից որպես փախստական ճանաչված անձանց:

Ընդդիմությունը սակայն չի սատարել այս օրինագիծը, քանի որ Մալայզիան չի ստորագրել Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Այս հանգամանքը փակուղի է մտցրել երկրում քաղաքական մեծ նշանակություն ունեցող այս հարցը:
XS
SM
MD
LG