Աֆղանստանի մայրաքաղաքում մեկնարկած խաղաղության համաժողովն ընդհատվել է թալիբ զինյալների հարձակման արդյունքում:
Շուրջ 1600 մասնակիցներով Քաբուլում ընթացող եռօրյա համաժողովում ելույթ ունեցող, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ելույթն ընդհատվել է ահաբեկչական հարձակման արդյունքում:
Պաշտոնական հաղորդագրության փոխանցմամբ Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են 2 ահաբեկիչների, ովքեր կանանց հագուստով փորձել են ներխուժել միջոցառման անցկացման վայրը: Եվս մեկ անձ ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածանքով:
Թալիբներն արդեն իսկ ստանձնել են հարձակման պատասխանատվությունը: Համաժողովի մասնակիցներից զոհեր չեն եղել:
Ի դեպ, հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Քարզայն իր ելույթում կոչ է արել թալիբներին դադարեցնել իրենց իսկ հայրենիքի ավերումն ու վերամիավորվեն հասարակությանը:
Քարզայն այնուամենայնիվ ավելացրել է նաև, որ ալ Քաիդայի անդամներին և անմեղ քաղաքացիների սպանություններ իրականացնողներին ներում չի լինելու: