Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ բենզատարի պայթյունի հետևանքով


Տիկրիտ քաղաքում որոտացած պայթյունն առնվազն ինը զոհի պատճառն է դարձել

Առնվազն ինը մարդ զոհվել է Իրաքում՝ ինքնասպան ահաբեկչի կողմից բենզատար մեքենայի պայթյուն իրականացնելու հետևանքով:

Երկրի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի հարազատ Տիկրիտ քաղաքի կառավարական շենքերի համալիրի մոտակայքում իրականացված պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել նաև մի քանի տասնյակ մարդ:

Ըստ հաղորդագրությունների, զոհերի հիմնական մասը կազմում են ուսանողներ և ոստիկանության ծառայողներ:

Պայթյունի հետևանքով կառավարական շենքերի համալիրում հրդեհ է բռնկվել, որը հետևանքով մասամբ ոչնչացվել է մի քանի շենք:

Պայթյունի համար պատասխանատվություն դեռևս ոչ ոք չի ստանձնել: Ականատեսներից մեկի համաձայն սակայն, պայթյունը կարող էր իրականացված լինել՝ կառավարական շենքերի համալիրում գտնվող ոստիկանության բաժանմունքում ազատազրկման մեջ գտնվող կալանավորներին ազատ արձակելու նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին Իրաքում իրականացված ռմբակոծությունների և այլ տեսակի մի շարք հարձակումների հետևանքով զոհվել էր առնվազն 60, վնասվածքներ էր ստացել 160 մարդ:

Այս հարձակումների համար, որոնք իրականացվել էին հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և երկրի մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում, պատասխանատվություն էր ստանձնել Իրաքում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը:
XS
SM
MD
LG