Մատչելի հղումներ

Ասադը խոստացել է հանձնել քիմիական զենքերը


Սիրիայի նախագահը պնդում է, որ որևէ առնչություն չունի քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ ստանձնել է իր երկրում քիմիական զենքի առկա զինանոցը հանձնելու պարտավորությունը, սակայն միաժամանակ հերքել է, որ անցյալ ամիս Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացրել են իրեն հավատարիմ ուժերը:

Ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ասադը խոստացել է կատարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված՝ քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու նպատակ հետապնդող գործարքի պայմանները: Ասադը միաժամանակ «դժվարին» է որակել իրավիճակը, քանի որ քիմիական զենքի ոչնչացման համար կպահանջվի հատկացնել մոտ մեկ միլիարդ դոլար և «մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ»:

Սիրիայի նախագահը, բացի այդ, խիստ քննադատության է ենթարկել այս շաբաթ ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցը, որտեղ հաստատվել է, որ Դամասկոսի Ղութա արվարձանում այս տարվա օգոստոսի 21-ին իրականացված հարձակման ընթացքում կիրառվել է «զարին» տեսակի նյարդապարալիտիկ գազ:

Նախագահ Ասադը «անիրատեսական» է անվանել զեկույցը՝ միաժամանակ կասկածի դնելով հարձակումից հետո արված մեծ քանակությամբ լուսանկարների և տեսանյութերի իսկությունը: Սիրիայի նախագահն ասել է, թե «համացանցում կան բազմաթիվ կեղծ պատկերներ»:

Ասադը նաև նշել է, որ կա հնարավորություն, որ ապստամբների ուժերին հասանելի է դարձել «զարին» տեսակի թունավոր գազը՝ վերահաստատելով իր կառավարության կողմից նախկինում արված հայտարարությունները:

Սիրիայի նախագահի համոզմամբ, իր կառավարությունը մասնակցում է ոչ թե քաղաքացիական պատերազմի, այլ «նոր տեսակի պատերազմի», որն ուղղված է ավելի քան 80 պետությունից երկիր ներթափանցած իսլամիստ զինյալների դեմ: Չնայած ինքը ընդունել է, որ իր դեմ ապստամբությունը սկզբում չէր ներառում ծայրահեղականներին, սակայն նշել է, որ մինչև 2012 թվականի ավարտն իր դեմ պայքարող ուժերի մեծամասնությունը ծայրահեղականներ են կազմում:

«80-ից 90 տոկոսն այժմ կազմում են «ալ-Քաիդա»-ի և դրա հետ կապ ունեցող կազմակերպությունների հետևորդները», - ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը հարցազրույցի ընթացքում հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային զերծ մնալ իր կառավարության դեմ ուղղված ռազմական գործողությունների սպառնալիքներից՝ կոչ անելով Օբամային «ականջ դնել իր ժողովրդի ողջախոհությանը»:
XS
SM
MD
LG