Մատչելի հղումներ

Ասադը «վստահ է» Սիրիայում հաղթանակ տանելու մեջ


«Առանց այս համոզվածության Սիրիայի կառավարությունը չէր կարողանալու դիմակայել ավելի քան երկու տարի շարունակվող ագրեսիային»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համոզվածություն է հայտնել, որ երկրում չդադարող ճգնաժամում հաղթանակ կտանեն իրեն հավատարիմ ուժերը:

Սիրիայում հինգշաբթի օրը նշվող Բանակի օրվա կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ Ասադն ասել է, թե առանց այս համոզվածության Սիրիայի կառավարությունը չէր կարողանալու դիմակայել «ավելի քան երկու տարի շարունակվող ագրեսիային»:

Սիրիայում հակամարտությունը սկսվել էր 2011 թվականի մարտին Ասադի կառավարման դեմ ապստամբությունից, որն ավելի ուշ վերածվել էր քաղաքացիական պատերազմի: Երկրում չդադարող բռնությունների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, բախումների պատճառով տեղահանվել է մի քանի միլիոն մարդ:

Սիրիայի կառավարությունն ու նախագահին ընդդեմ հանդես եկող ապստամբները միմյանց ներկայացրել են քիմիական զենքի կիրառման մեղադրանքներ:

Միավորված ազգերի կազմակերպությունը նախօրեին հայտնել է, թե ՄԱԿ-ի փորձագետները «հնարավորինս արագ» կժամանեն Սիրիա՝ հետաքննություն անցկացնելու երեք այն տեղանքում, որտեղ, ըստ հաղորդագրությունների, քիմիական զենք է կիրառվել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը ցանկանում է, որ ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն անցկացնեն Հալեպի մարզի Խան ալ-Ասալ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած իրադարձության շուրջ, սակայն հրաժարվել է ավելի լայնածավալ՝ այլ տեղանքների ներառմամբ հետաքննություն անցկացնելուց:
XS
SM
MD
LG