Մատչելի հղումներ

«Ասիանա». «Բոինգ 777-ի օդաչուն վերապատրաստում էր անցնում»


Օդաչուն ուներ «Բոինգ 777» տեսակի օդանավեր վարելու 43 ժամվա փորձ

«Ասիանա Էյրլայնս» ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում շաբաթ օրը վթարի ենթարկված «Բոինգ 777» օդանավի օդաչուն վերապատրաստում էր անցնում այդ տեսակի օդանավեր վարելու ծրագրով, իսկ ձախողված վայրէջքն առաջին անգամն էր, որ օդաչուն փորձել էր այդ տեսակի օդանավի նստեցում կատարել:

Հարավկորեական ավիաընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ օդաչուն ուներ «Բոինգ 777» տեսակի օդանավեր վարելու 43 ժամվա փորձ, սակայն ընդհանուր առմամբ օդանավեր վարելու իր փորձը կազմում էր 9 հազար ժամ: «Բոինգ 777» վարելու ավելի մեծ փորձ ունեցող օդաչուն վթարված թռիչքի ընթացքում հանդես էր գալիս որպես հրահանգիչ և երկրորդ օդաչու:

ԱՄՆ-ի քննիչների համաձայն, դեռևս շատ վաղ է ասել, թե ինչն էր դարձել օդանավի վթարի պատճառը: Քննիչները սակայն նշել են, որ վայրէջքի ուղուն մոտենալուց առաջ օդանավի արագությունը «զգալիորեն ցածր էր» նախանշված արագությունից, և որ օդաչուն փորձում էր դադարեցնել վայրէջքը:

«Ասիանա Էյրլայնս» ընկերությանը պատկանող օդանավի վթարի պատճառով, որը տեղի էր ունեցել շաբաթ օրը, զոհվել է Չինաստանից երկու 16-ամյա աշակերտուհի, որոնք իրենց ուսուցչի հետ միասին Միացյալ Նահանգներ էին ճանապարհորդում՝ հանգիստն ամառային ճամբարում անցկացնելու համար:

Աղետի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ուղևորները հայտնել են սակայն, որ, չնայած վթարի հետևանքով ստեղծված խառնաշփոթի, մարդիկ շատ արագ են դուրս բերվել օդանավից՝ մինչև օդանավակայանի փրկարարական խմբերի ժամանումը։
XS
SM
MD
LG