Շատ ամերիկացիներ մեկ ամսաթիվ լավ են հիշում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը: Այն կարճ անվանում են 9/11՝ օր, երբ զոհվել է գրեթե 3 հազար մարդ՝ ահաբեկիչների կողմից չորս ինքնաթիռ առևանգելու և դրանցից երկուսի Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների մեջ մխրճվելու պատճառով:
Ահաբեկչական այս գործողությունների պատճառով եղբոր մահից հետո մեկ կնոջ կյանքն ամբողջությամբ փոխվեց:
Դերասանուհի Գուենդոլին Բրայլի-Սթրանդին ծանոթ է կորստի զգացումը. 10 տարի առաջ՝ սեպտեմբերի 11-ին, Առևտրի համաշխարհային կենտրոնում ահաբեկիչների հարձակման պատճառով զոհվել է իր եղբայր Ջոնըթըն Բրայլին:
Այժմ նա իր զգացմունքներն արտահայտում է ազատության մասին բեմադրությունների միջոցով:
«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ ամերիկացիները գնահատեն Ամերիկան», - ասում է Գուենդոլին Բրայլի-Սթրանդը:
Ջոնաթան Բրայլին Առևտրի համաշխարհային կենտրոնի 107-րդ հարկում աշխատում էր որպես ձայնային տեխնիկ: Նա հավատացյալ անձնավորություն էր: 2001 թվականի սեպտեմբերի 11-ից վեց ամիս առաջ, նրա հետ նույն օրը սարկավագի կոչում էր ստացել Ըրլ Լիչը:
«Կարծում եմ՝ Տիրոջ և փրկիչ Հիսուս Քրիստոսի և Ջոնաթանի կապի շնորհիվ նա որևէ ցավ չի զգացել: Կարծում եմ՝ Աստված հասավ նրան և վերցրեց միանգամից», - ասում է Լիչը:
Ահաբեկչական հարձակման այդ օրվա լուսանկարները դեռ սարսուռ են առաջացնում:
«Ասոշիեյթիդ Փրես» գործակալության կողմից արված լուսանկարը՝ անհայտ մարդու հուսահատությամբ թելադրված վերջին որոշումը, դարձել է այդ օրվա բնութագրիչը:
Լուսանկարն անելուց հինգ տարի անց միայն «Ընկնող մարդը» լուսանկարը որոշ մարդիկ կապեցին Ջոնաթան Բրայլիի անվան հետ: Նույն սև կոշիկները, նույն հասակը՝ գրեթե 2 մետր, սակայն այդ կապը որոշակի չէ:
Բրայլի Սթրանդը և իր ընտանիքը բացատրություն չունեն: Նրանք դատաքննիչից ստացել են ավելի քան 100 հարկ բարձրությունից ընկած մարդու մարմինը:
«Չեմ պատրաստվում կասկածի տակ առնել Աստծո կողմից գործած հրաշքը. ո՞վ կարող է ասել, թե Աստված չի հասել նրան և հանգիստ իջեցրել գետնին», - ասում է Բրայլի-Սթրանդը:
Հաջորդ լուսանկարներում երևում է «Ընկնող մարդու» պատռված սպիտակ վերնաշապկի տակ նարնջագույն շապիկը: Բրայլի-Սթրանդն ասում է, որ մեկ ուրիշը հիշում է Ջոնաթանի հագին եղած նարնջագույն շապիկ, սակայն ինքը չի հիշում:
Ջոնաթան Բրիլի հուշատախտակի վրա գրված է. «Աստծո սերը և մեր սերը քեզ՝ հավերժ: Միշտ կկարոտենք»:
Գուցե՛ երբևէ չպարզենք «Ընկնող մարդու» ինքնությունը, գուցե՛ նա մենք բոլորս ենք՝ ամբողջ մարդկությունը, սեպտեմբերի այդ օրվա ահաբեկչության զոհը: