Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոցի բնական աշխարհը կրում է անդառնալի կորուստներ


ԱՄՆ-ի անկախ գիտնականների եւ պետական պաշտոնյաների մի խումբ հայտարարում է, որ Մեքսիկական ծոցի ՝՝խորհրդավոր խորություններում՛՛ միգուցե տեղի է ունենում մարդուն դեռեւս անտեսանելի, սակայն հսկայական աղետ։ Չէ որ այստեղ են բազմանում հսկա կետաձկան որոշ տեսակներ ու փոքր պլանկտոնների մեծ խմբեր։

Գիտնականները տեղեկացնում են, որ ծովի մակերեւույթից մի քանի հարյուր մետր խորության վրա հայտնաբերված նավթի բաղադրությունը, որը տարածվում է տասնյակ կիլոմետրերով, կարող է ի սպառ վերացնել այստեղ բազմացող կետաձկներին։

՝՝Բրիթիշ Փեթրոլիում ՛՛ նավթային ընկերության գործադիր տնօրեն Թոնի Հաուըրդը, չնայած հայտարարում է, թե չկան տվյալներ ապացուցելու համար, որ նավթի արտանետումները անդառնալի վնասներ են հասցրել բնությանը, եւ պնդում, որ նավթը սովորաբար մնում է ջրի վերին շերտերում ու չի իջնում խորքերը, գիտնականները հայտարարում են, որ օվկիանոսի այն խորություններում, ուր չի հասնում արեգակի լույսը, նավթի չնչին բաղադրությունն անգամ բավական է կենդանական ու բուսական աշխարհը վերացնելու համար։

՝՝Յուրաքանչյուր ձուկ ու անողնաշարավոր կենդանի, նավթի որեւէ բաղադրության դեպքում կարող է մեռնել։ Ես դրանում կասկած անգամ չունեմ՛՛, հայտարարել է կենսաբան Պրոսանտա Չակրաբարտին։

Ծովային կենդանիների ու ձկների բազում տեսակներ այսօր գտնվում են բազմացման շրջանում։ Նրանց խավիարը կամ ձվերն անմիջապես մեռնում են նավթի որեւէ բաղադրության հետ շփվելու ժամանակ։ Իսկ եթե նույնիսկ այդ ձվերից ծնվեն ձկներ, կարող են դառնալ քաղցի զոհ, պլանկտոնի պակասի պատճառով։

XS
SM
MD
LG