Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա:

Նախագահ Սարգսյանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է Եվրամիության տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, գագաթնաժողովի օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, Եվրոպական Միության առավել սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները:

Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական Միության 2013 թվականի եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ:

«Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային և ԵՄ-ի Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG