Մատչելի հղումներ

«Պահանջում ենք, որպեսզի վավեր ճանաչվի ժողովրդի հաղթանակը»


«Ժառանգություն» կուսակցություն դիմել է Հայաստանի սահմանադրական դատարան՝ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ ճանաչելու պահանջով

Հայաստանի ընդդիմադիր հիմնական կուսակցությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի նախագահը կեղծել է փետրվարին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, և հորդորել է Սահմանադրական դատարանին որոշում կայացնել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի հաղթանակի մասին:

«Իրավական ճանապարհը ընթանալու է քաղաքական պայքարին զուգահեռ, և մենք այս դիմումով պահանջում ենք, որպեսզի վավեր ճանաչվի ժողովրդի հաղթանակը», - ասել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ Հայաստանի սահմանադրական դատարան դիմումը ներկայացնելուց հետո:

Հայաստանի սահմանադրական դատարանը ներկայացված դիմումի կապակցությամբ պետք է որոշում կայացնի տասը օրվա ընթացքում:

Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել նախագահի ևս մեկ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, որն ընտրարշավի ընթացքում հացադուլ է անցկացրել՝ պահանջելով դադարեցնել ընտրակեղծիքները Հայաստանում:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն անցյալ ամիս հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն քվեարկության ընթացքում չեն գրանցվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն գործել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Միջազգային դիտորդների համաձայն, Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված ընտրությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ, սակայն որևէ իրական մրցակցություն չի գրանցվել:
Երկրի ընդդիմությունը նախագահական ընտրությունների օրվանից ի վեր անցկացրել է մի շարք հավաքներ՝ բողոքելով ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների դեմ:

Ներդրողներն այս ընթացքում անհանգստություն են հայտնում Հայաստանում անկայունության նշանների կապակցությամբ:

Հայաստանում 2008 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած խռովությունների ընթացքում զոհվել էր տասը մարդ:
XS
SM
MD
LG