ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի 18 անդամներ, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ու Հայաստանի բարեկամներ:
Միջոցառումը անցկացվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստերի պատմական դահլիճում հոկտեմբերի 25-ի երեկոյան:
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը բացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահներ Ֆրենկ Փալոնն ու Էդ Ռոյսը:
Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը Հայաստանի «Մխիթար Գոշ» մեդալ է շնորհել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանին և Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ադամ Շիֆին` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև հարաբերություններն ամրապնդելուն ուղղված բազում տարիների նվիրյալ աշխատանքի համար:
Հայաստանի անկախության հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի կոնգրեսականները պարտավորվել են շարունակել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործը` առևտրային հարաբերությունների զարգացման և շրջափակման մեջ գտնվող Հայաստանին ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելու միջոցով: Կոնգրեսականները հանձն են առել նաև ցուցաբերել աջակցություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու գործին և Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու արշավին. հատուկ նշում է կատարվել նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը խոսել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի Ջավախքի տարածաշրջանում բնակվող հայերին ԱՄՆ-ի նպատակային օգնություն տրամադրելու մասին:
Ամերիկայի Հայ դատի մամուլի հաղորդագրության փոխանցմամբ, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը նշել է, որ այս միջոցառումը ծառայել է «ընդհանուր առաջընթացն արձանագրելու, միասնական արժեքները զորացնելու և առջևում սպասող դեռևս չավարտված աշխատանքն ավարտելու պարտավորությունը վերահաստատելու կենսական անհրաժեշտություն ունեցող նպատակին»: