Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագիծը


Նորարարական երկկուսակցական այս նախաձեռնությունը կոչ է անում հայ-թուրքական հարաբերություններում որդեգրել նոր մոտեցում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների խմբի կողմից ներկայացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագիծը, որը հորդորում է ԱՄՆ-ի նախագահին հիմք ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ-ի բազմաթիվ փաստաթղթեր և աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների լիարժեք ճանաչումը և միջազգային հանրության կողմից այս հանցագործության վերաբերյալ ազնիվ, արդար և համապարփակ վճռի կայացումը:

Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագծի ներկայացումն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին:

«Նորարարական երկկուսակցական այս նախաձեռնությունը, որը որպես հիմք է ընդունում Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ-ի բազմաթիվ փաստաթղթեր, կոչ է անում հայ-թուրքական հարաբերություններում որդեգրել նոր մոտեցում, որը կարտացոլի ամերիկյան արժեքներն ու կճանաչի, որ մեր ազգային շահերը պահանջում են վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, և որ միջազգային հանրությունը պետք է ազնիվ, արդար և համապարփակ եղանակով վճիռ կայացնի այս հանցագործության վերաբերյալ», - ասել է Համբարյանը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությանն առնչվող «Ճշմարտություն և արդարություն» օրինագիծը ներկայացրել են հանրապետական կուսակցության անդամ կոնգրեսականներ Մայքլ Գրիմն ու Դեյվիդ Վալադաոն և դեմոկրատական կուսակցության անդամ իրենց գործընկերներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոնը:
XS
SM
MD
LG