Մատչելի հղումներ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության նախապայման է». Մարտին Շուլց


Շուլցը վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1987 թվականին ընդունված որոշումը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Եվրոպայում Թուրքիայի ինտեգրման նախապայմաններից մեկն է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այսպիսով վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի կողմից 1987 թվականին ընդունված որոշումը:

«Թուրքան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և դա համարվում է Եվրոպական Միության անդամակցության նախապայման», - ասել է Շուլցը, որի հայտարարությունը, «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, հրապարակվել է Գերմանիայի ձախակողմյան կուսակցության համացանցային կայքում: Կուսակցությունը ողջունել է այս դիրքորոշումը:

Ըստ պարբերականի, Շուլցն ասել է, որ «Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր պատմության հետ»:

Եվրոպական խորհրդարանի առաջնորդն այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի եվրաինտեգրման նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ընթացքում:

Բաղըշն ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հրաժարվել է Եվրոպական Խորհրդարանի նախագահի հայտարարության, ինչպես նաև իր իսկ կողմից այց տարվա սկզբին Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը փաստացի հերքելու մասին արված մեկնաբանությունների շուրջ իրեն ուղղված հարցին պատասխանելուց:
XS
SM
MD
LG