Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությանը


Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասել, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 24-ին ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ Հայաստան ժամանակ պատվիրակությունը, որի կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

«Նախարար Նալբանդյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասել, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի կոնգրեսականները, ըստ հաղորդագրության, ընդգծել են, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրել, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Զրույցի ընթացքում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկուստեք շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

«Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը», - եզրափակում է հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG