Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում


Հարվարդում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնեց Հայաստանի նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցում։

Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:

«Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ'Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։

Հարվարդում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնեց Հայաստանի նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը։

«Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG