Մատչելի հղումներ

«Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում»


Տարածաշրջանում հայերի ազգային ինքնությունը խորհրդանշող Սուրբ Կիրակոս եկեղեցին քրդերի համար դժվար հարցեր է բարձրացնում

«Վերջերս վերականգնված հայկական եկեղեցին դարձել է իրենց մշակութային նույնականությունն ու հավատքը վերականգնելու ուղղությամբ աշխատող՝ Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արևմտյան շրջանում բնակվող հայերի հավաքատեղին»:

Այսպես է սկսվում Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի «Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը գրում է Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի Սուր արվարձանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մասին, որը բազում տարիներ լքված է եղել և վերականգնվել է ընդամենը երկու տարի առաջ:

«Հարյուրավոր մարդիկ այցելել են եկեղեցում այս տարվա սեպտեմբերին անցկացված տոնակատարությունը: Չնայած եկեղեցին դեռևս ակնկալում է քահանայի նշանակումը, Արմին Դեմիրճյանը, որն այժմ հոգ է տանում եկեղեցու մասին, ասում է, որ եկեղեցին արդեն իսկ դարձել է հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը», - գրում է Ջոնսը:

«Եկեղեցին ամեն ինչ է ինձ համար: Այն մեր պատմությունն է: Այն մեր մշակույթն ու ժառանգությունն է: Այն մեր նախնիների նվերն է մեզ: Որպես հայ՝ ես ինձ այստեղ եմ տեսնում: Ես որպես քուրդ եմ դաստիարակվել. ոչինչ չգիտեի իմ հայ լինելու մասին», - ասում է Դեմիրճյանը, որի ընտանիքի պատմությունը նման է Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ ընտանիքների ճակատագրին: Դեմիրճյանի հայրը, հայ բազմաթիվ երեխաների նման, որդեգրվել էր տեղաբնակների ընտանիքների կողմից և որպես մահմեդական էր դաստիարակվել:

«Եկեղեցին կանոնավոր այցելող Մելիքե Գյունալի նման որոշ հայեր այժմ քրիստոնեություն են ընդունում: Մելիքեն բազում տարիներ գաղտնի էր պահում իր ինքնությունը, սակայն եկեղեցու վերաբացումը նպաստել էր իր ինքնությունն ու հավատքը հրապարակավ ամբողջությամբ ընդունելուն», - գրում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը՝ մեջբերելով Գյունալի խոսքերը, որի համաձայն նա շաբաթական երեքից չորս անգամ այցելում է եկեղեցի՝ մոմ վառելու համար:

«Ինձ համար քրիստոնեությունն ու այս եկեղեցին հայտնաբերելը Սուրբ Ծննդյան նման մի հրաշք է: Նույնիսկ առաջ, երբ եկեղեցին տանիք չուներ, ես գալիս էի այստեղ, նստում էի ու լալիս: Այժմ սակայն եկեղեցին վերականգնվել է, և այն շատ մեծ նշանակություն ունեցող վայր է ինձ համար», - ասում է հայազգի Մելիքե Գյունալը, որի խոսքը մեջ է բերվում հոդվածում:

Գյունալի հայրը, որը քաղաքացիական ակտիվիստ է եղել, զոհվել էր 1990-ական թվականներին Թուրքիայի պետության կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վարվող պատերազմի ժամանակ: Գյունալի համաձայն, քրդերի կողմից հանուն փոքրամասնություններին առավել մեծ իրավունքներ տրամադրելու վարվող պայքարը հնարավորություն է տվել հայերին վերահաստատել իրենց ինքնությունը:

«Մեզ համար դռները սկսվել են բացվել քրդերի կողմից իրենց ինքնության համար պայքարից», - ասում է Գյունալը՝ հավելելով. «Նրանք ինչպե՛ս կարող են հերքել մեր ինքնությունը՝ իրենց ինքնության համար պայքար մղելով: Անցյալում մեր պապերի հայկական անունները կարող էինք արտասանել միայն տանը, շատ վաղ հասակից մենք սովորեն ենք եղել մեր ինքնությունը թաքցնելու անհրաժեշտությանը»:

Սուրի քաղաքագլուխ Աբդուլլահ Դեմիրբաշը, որն անդամակցում է Թուրքիայի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը, ըստ Դորիան Ջոնսի, քաղաքապետարանի միջոցներից 600 հազար դոլար տրամադրել է եկեղեցու վերականգնման նպատակով՝ նշելով, որ եկեղեցու վերականգնումը կազմում է բազմազանությունը քաջալերելու քաղաքականության մասերից մեկը:

«Անցյալում [Թուրքիայի] պետությունը ցանկանում էր վերածել այս տարածաշրջանը, այս տարածքը, միմիայն թուրք մահմեդական բնակչություն ունեցող տարածքի՝ ոչ միայն քրդերին, այլև բոլոր այս համայնքներին, այլ կրոններն ու լեզուները ճնշելու միջոցով: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այս բազմազանությունը ներկայացնող մարդիկ կարող են իրար հետ ապրել», - ասել է Դեմիրբաշը:

Տարածաշրջանում հայերի ազգային ինքնությունը խորհրդանշող Սուրբ Կիրակոս եկեղեցին սակայն քրդերի համար դժվար հարցեր է բարձրացնում, քանի որ քրդերը մեծ դեր են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում իրականացված հայերի կոտորածներում:

«Ազգությամբ քուրդ Բարան Դողանի համար եկեղեցին անցյալի հետ դեմ առ դեմ կանգնելու վայր է», - գրում է Դորիան Ջոնսը:

«Մենք քաջ ծանոթ ենք նրան, թե ինչ են գործել քրդերը հայերի նկատմամբ՝ Օսմանյան պետության հրամանով: Ես չգիտեի, որ իմ մոտ ընկերը հայ է, և նա ինքը մինչև վերջին ժամանակները չգիտեր այդ մասին: Երբ գալիս եմ եկեղեցի, կարծես մի փոքր ներողություն եմ խնդրում՝ չնայած դա երբեք չի կարողանալու փոխհատուցել այն, ինչի միջով անցել են հայերը», - ասում է Դողանը:

«Մինչև 2015 թվականը Սուրբ Կիրակոս եկեղեցի մշտական քահանա է նշանակվելու: Դա կդառնա ևս մեկ փոքր քայլ՝ քաղաքի վաղեմի բազմազան հասարակության վերականգնման ուղղությամբ», - եզրափակում է Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի «Հայկական եկեղեցին նպատակ է հետապնդում բուժելու անցյալի վերքերը Թուրքիայի քրդաբնակ շրջանում» խորագրով հոդվածը:
XS
SM
MD
LG