Մատչելի հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարության համար


Ջոն Հեֆերնի համաձայն, ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները փորձել են գտնել ճգնաժամի կարգավորման խաղաղ եղանակներ, սակայն Ռուսաստանն ականջ չի դրել նրանց առաջարկություններին

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն ափսոսանք է հայտնել Հայաստանի կառավարության կողմից Ղրիմում վերջերս անցկացված հանրաքվեի շուրջ հրապարակված հայտարարության կապակցությամբ:

«Ցավում եմ, որ Հայաստանը Ղրիմում հանրաքվեի շուրջ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել», - հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ջոն Հեֆերնը, որը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները փորձել են գտնել ճգնաժամի կարգավորման խաղաղ եղանակներ, սակայն Ռուսաստանն ականջ չի դրել նրանց առաջարկություններին:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ուրբաթ օրը ընդունել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

Արտգործնախարարի տեղակալ Քոչարյանի և դեսպան Կուխտայի հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխարտգործնախարարը վերահաստատել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում փոխարտգործնախարար Քոչարյանը նշել էր նաև, որ «Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է երկու պետությունների միջև փոխգործակցությունը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել էր Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր էին փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ:

Այդ համատեքստում, ըստ հաղորդագրության, «զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
XS
SM
MD
LG