Մատչելի հղումներ

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը երկու երկրները նշում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտա-կրթական և մշակութային ոլորտներում ընդլայնվող փոխգործակցության, ամուր իրավա-պայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը, նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված դաշնակցային փոխհարաբերությունները, փոխգործակցությունը միջազգային հարթակներում և շահագրգիռ է տարբեր ոլորտներում շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը:

Ըստ հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների քաղաքական, ռազմական, առևտրատնտեսական, հումանիտար բնագավառներում համագործակցության շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականցվող աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան նաև երկու երկրների ապակենտրոնացված համագործակցությանը, քննարկեցին այս տարվա աշնանը Ռուսաստանում կայանալիք երկրորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը նախարարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դիրքորոշումների համադրման, միմյանց թեկնածությունների աջակցմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը բովանդակալից քննարկում ունեցան նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց որպես Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի կողմից իրականացվող հետևողական ջանքերի համար:

Բանակցությունների օրակարգում էին Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Այս առումով երկուստեք շեշտվեց բռնությունների դադարեցման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG