Մատչելի հղումներ

«Հայաստանը հավասարակշռելու է Ռուսատանի և ԵՄ-ի հետ իր հարաբերությունները». փորձագետ


Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայաստանը կպահպանի Ռուսաստանի հետ իր ավանդական բարեկամությունը՝ միաժամանակ հարաբերություններ զարգացնելով Եվրոպական Միության հետ»

«Հայաստանը կպահպանի Ռուսաստանի հետ իր ավանդական բարեկամությունը՝ միաժամանակ հարաբերություններ զարգացնելով Եվրոպական Միության հետ»:

Այս մասին Չինաստանի «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է քաղաքական վերլուծաբան, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանի համաձայն, Ռուսաստանին Հայաստանը հարկավոր է ոչ պակաս, քան Հայաստանին հարկավոր է Ռուսաստանը, քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանը չի կարող ունենալ այնպիսի խորը, համապարփակ և բարեկամական հարաբերություններ որևէ այլ պետության հետ:

«Կովկաս» ինստիտուտի տնօրենն ասել է, թե Հայաստանի համար շատ կարևոր է հավաստիացնել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների կառուցումն անհանգստանալու պատճառ չպետք է դառնա:

Իսկանդարյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանը զարգացնում է հիմնականում անվտանգության և գազամատակարարման ոլորտում, մինչդեռ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնականում կենտրոնացած կլինեն տնտեսական համագործակցության վրա:

Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններին՝ Իսկանդարյանն ասել է. «Չինաստանն ու Հայաստանը իրար հետ որևէ խնդիր չունեն տարածաշրջանում, և այս փաստի շնորհիվ նրանց միջև ապագա հարաբերությունները կարող են շատ արդյունավետ լինել»:

«Կովկաս» ինստիտուտի տնօրենի համաձայն, Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Հայաստանի աշխարհագրական դիրքն այն «ակտիվն» է, որը Չինաստանը կարող է հաշվի առնել տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքում:
XS
SM
MD
LG