Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահ. «Ադրբեջանը եվրոպական միակ երկիրն է, որ հպարտությամբ խոսում է իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին»


Հայաստանի նախագահ. «Ադրբեջանը եվրոպական միակ երկիրն է, որ հպարտությամբ խոսում է իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին»

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հինգշաբթի օրը Ասթանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթաժողովի ընթացքում ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումներին:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մասին` նա նշել է. «Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքները` առանց վերացնելու հակամարտության պատճառը»:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում միակ երկիրն է, որ հպարտությամբ խոսում է իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին, և որ Ադրբեջանում տեղի են ունենում Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտումներ, «որոնց դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլ այդտեսակ սպառազինությունների վաճառքն իրականացվում է` այդ թվում ԵԱՀԿ-ի անդամ-պետությունների կողմից:

Իր ելույթում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում, նա անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավարության հայատյաց ելույթներին, թշնամանք, ագրեսիա և բռնություն սերմացնող կոչերին:

Նախագահ Սարգսյանը շեշտել է նաև, որ Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, սակայն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

«Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմք», - իր ելույթի ավարտին նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի գագաթաժողովում դեկտեմբերի 1-ին ելույթ էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը նույնպես անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին` եզրակացնելով, որ Հայաստանը չի ցանկանում հասնել խաղաղության, այլ ջանում է անվերջ երկարաձգել բանակցային գործընթացը` պահպանելով «ստատուս քվոն»:

XS
SM
MD
LG