Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Թբիլիսիում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերել են Վրաստանում հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջև սահմանային անցակետերի գործունեության բարելավմանն ու այլ խնդիրների:
Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը կարևորել է երկու պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և երկու պետությունների զարգացման տեսանկյունից: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսություններն ինչ-որ չափով նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել ի շնորհիվ լավ կառավարման և մարդկային ներուժի:
«Ես հպարտ եմ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, և այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում և Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում և մեծ հույսեր է ներշնչում», - ասել է Հայաստանի նախագահը:
Նախագահ Սարգսյանի համաձայն, եթե ժողովուրդների, հասարակ քաղաքացիների միջև չկան լավ հարաբերություններ, ապա տնտեսական հարաբերությունները պարզապես չեն կարող լավ զարգանալ:
Բոլոր մակարդակներում ակտիվ շփումներն օգտակար համարելով՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կմեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում:
Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: