Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետը


«Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի նախագահ Սարգսյան,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանն ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:
Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների», — ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:
XS
SM
MD
LG