Մատչելի հղումներ

Հայաստանում հայտնաբերվել է գինու ամենահին գործարանը


Հայաստանում հայտնաբերվել է գինու ամենահին գործարանը
Հայաստանում հայտնաբերվել է գինու ամենահին գործարանը

Հայաստանի քարանձավներից մեկում հայտնաբերվել է աշխարհի գինու մինչ օրս հայտնաբերված ամենահին արտադրամասը, ինչը վկայում է այն մասին, որ խաղողից գինի ստանալու եղանակը մարդկանց համար հայտնի է եղել դեռևս պղնձե դարում՝ ավելի քան 6 000 տարի առաջ։

Հետազոտության մասին «Journal of Archaeological Science» գրախոսվող ամսագրում երեքշաբթի օրը հոդվածը հրապարակած գլխավոր հեղինակ Հանս Բարնարդը նշել է, թե «այս արտադրամասը մինչ օրս գինու արտադրության հայտնաբերված ամենահին և ամենաամբողջական արտադրամասն է, որտեղ առկա են գինու մամլիչ, խմորման մի քանի գուռ և պահեստավորման անոթներ»։

«AFP» գործակալության փոխանցմամբ, այս հայտնագործությունը կատարվել է հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետների կողմից Հայաստանի հարավում գտնվող քարանձավային համալիրում՝ այն գյուղի հարևանությամբ, որտեղ մինչ օրս էլ գինի է արտադրվում։

Գինու ամենահին գործարանը հայտնաբերվել է նույն տեղանքում, որտեղ 2010 թվականի հունիսին հայտնաբերվել էր աշխարհի ամենահինը համարվող՝ 5 500 տարվա հնություն ունեցող կոշիկը։

Կալիֆորնիայի Իրվինի համալսարանում և Օքսֆորդի համալսարանում հետազոտողների կողմից ռադիոածխածնային վերլուծության միջոցով անցկացված թվագրման միջոցով հաստատվել է, որ արտադրամասը պատկանում է պղնձե դարին՝ մթա 4100–ից 4000 թվականներն ընկած ժամանակահատվածին։

Պեղումների աշխատանքների համատնօրեն, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Քոթսեն հնագիտության հաստատության փոխտնօրեն Գրեգորի Արեշյանի համաձայն, «առաջին անգամ է, որ հայտնաբերվել է 6 100 տարի հնություն ունեցող գինու արտադրության լիարժեք պատկեր»։

Արեշյանի, Բարնադրի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի այլ հնագետների կողմից խմորման գուռում հայտնաբերված նյութում պարունակվող գունանյութի վերլուծությունը հաստատել է, որ այն բնորոշ է միայն խաղողին և նռանը։

«Քանի որ պեղումների աշխատանքի վայրում նռան մնացորդներ չեն հայտնաբերվել, համոզված ենք, որ անոթներում պահվել է միայն խաղողի հյութից պատրաստված ըմպելիք», – ասել է Արեշյանը։

Մինչ օրս հայտնի գինու ամենահին հնձանը թվագրվում է մթա 1650 թվականով և գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափում։

XS
SM
MD
LG