Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը Երևանում (արխիվային լուսանկար)

«ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկել է ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը՝ ուղղված զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը»

Հայաստանում նոյեմբերի 18-ից 22-ը անցկացվել է ՆԱՏՕ-ի շաբաթը, որի կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ ասված է, որ Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այս համագործակցությանը:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկել է ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը՝ ուղղված զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը», - ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի դեսպանությունն իր հաղորդագրության մեջ հիշեցրել է, որ Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում, ակտիվ աշխատանքներ է տանում ՆԱՏՕ-ում ու ՄԱԿ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելությունների ավելացման ուղղությամբ, ինչպես նաև բանակցություններ է վարում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու շուրջ:

Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու խաղաղարար գործողությունների, և պատրաստ է աջակցություն տրամադրել այդ հարցում: Ըստ հաղորդագրության, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը համատեղ դասընթացների ու վարժանքների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կողք կողքի ծառայելու հարցում արժեքավոր փորձ ձեռք բերելու նոր հնարավորություններ է ստեղծել:

«ԱՄՆ-ի կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին և շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ և ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերին: Հայ խաղաղապահները պատվով ու գերազանց են կատարում իրենց տարաբնույթ հանձնարարությունները», - մատնանշված է ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

«Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն՝ մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում, և ԱՄՆ-ի դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար», - եզրափակում է Հայաստանում նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանության կողմից հրապարակված հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG