Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարար. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով»


ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համաձայն, Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

Հայաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Նալբանդյանն այս հայտարարությամբ հանդես է եկել՝ պատասխանելով հայաստանյան «Առաջին լրատվական» գործակալության կողմից տրված այն հարցին, թե Հայաստանն ինչպիսի դիրքորոշում ունի Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ՝ Ղրիմի հանրաքվեից հետո։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը։

«Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

«Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է», - ասված է ԼՂՀ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ: - «Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է»:

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում՝ բացառապես խաղաղ ճանապարհով։
XS
SM
MD
LG