Մատչելի հղումներ

«Իրանը Հայաստանի միջոցով փորձում է շրջանցել բանկերի դեմ ուղղված պատժամիջոցները»


Արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի

«Միջազգային պատժամիջոցները մեծ ճնշում են գործադրում Իրանի վրա, և Իսլամական Հանրապետությունը, որոշ դիվանագետների և փաստաթղթերի համաձայն, փորձում է ընդարձակել Հայաստանում առկա իր բանկային հենակետը՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք ստեղծվել են իր համար այն պետություններում, որոնց վրա նա հենվել է առևտրային գործունեություն իրականացնելիս»:

Այս մասին իր հոդվածում գրում է «Ռոյթերս» գործակալության հեղինակ Լուիս Շարբոնոն, որը պնդում է, թե Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրվածությունը սկսել է աճել այն ժամանակ, երբ միջազգային հանրությունն է՛լ ավելի է մեկուսացրել Թեհրանին, իսկ վերջինիս բանկային համակարգի կապերը հայտնվել են Արևմուտքի կառավարությունների և հետախուզական գործակալությունների ուշադրության կիզակետում, քանի որ դրանք վերջերս փորձում են դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը:

Նման խոշոր հենակետ, ըստ հեղինակի, կարող է դառնալ «նախկին Խորհրդային հանրապետություն Հայաստանը, որն Իրանի հետ ունի առևտրային սերտ հարաբերություններ և քրտնաջան աշխատանք է տանում՝ Եվրամիության հետ կապեր հաստատելու ուղղությամբ, ինչը կարող է հեշտացնել Թեհրանի կողմից օտարերկրյա հաճախորդներին գումարներ փոխանցելու և նրանցից գումարներ ստանալու հանգամանքը թաքցնելը և շփոթության մեջ գցել այս երկրի միջուկային և հրթիռային ծրագրերի ընդլայնման դեմ աշխատող Արևմտյան հետախուզական գործակալությունները»:

«Հայաստանի իշխանությունները սակայն հերքել են Իրանի հետ անօրինական բանկային գործարքներ իրականացնելու մասին լուրերը», - գրում է հեղինակը՝ նշելով, որ ի պատասխան այս հոդվածին, Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից»:

Հայաստանի կենտրոնական բանկի կայքում հրապարակված նույն հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը»:

Հոդվածի հեղինակը գրում է, թե Թեհրանի դեմ ուղղված պատժամիջոցների իրականացմանը հետևող ՄԱԿ-ի մասնագետների համաձայն, վերջերս զեկույց է ներկայացվել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների գծով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանձնաժողովին, որտեղ ասված է, որ Իրանը մշտապես որոնում է բանկային իր համակարգի դեմ ուղղված պատժամիջոցները շրջանցելու եղանակներ:

«Իրանին սահմանակից պետություններից մեկը», - մեջբերելով զեկույցը՝ գրում է հեղինակը, - «տեղեկացրել է մասնագետների խմբին Իրանի կողմից ֆինանսական նոր հաստատություններ բացելու նպատակով ներկայացված հարցման մասին: Հարցումը սակայն ընթացք չի ստացել՝ երկրի դժվար կիրառվող օրենսդրության պատճառով»:

Ըստ հեղինակի, մասնագետների խմբի աշխատանքին ծանոթ դիվանագետները հաստատել են, որ չնշված այս պետությունը եղել է Հայաստանը, որի հետ Իրանն արդեն իսկ ունի բանկային կապեր:

«Չնայած Հայաստանը հերքում է բանկային անօրինական գործարքների իրականացման մասին լուրերը, Իրանը, ըստ դիվանագետների, չի դադարեցրել երկրում ընդլայնվելու փորձերը, իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Հայաստանի իրենց գործընկերներին ֆինանսական վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին», - գրում է գործակալությունը:

Արձագանքելով այս հրապարակմանը՝ «Ասպարեզ» պարբերականն իր «Արդյո՞ք ԱՄՆ-ը կպատժի Հայաստանին» հոդվածում նշել է, թե, որոշ հաղորդագրությունների համաձայն, Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը զգուշացրել է նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում Իրանի ունեցած շահերի վերաբերյալ:

«Ըստ էության, Հայաստանի և Իրանի միջև բազում դարերի պատմություն ունեցող հարաբերությունները հարմար չեն Միացյալ Նահանգների և իր արևմտյան դաշնակիցների համար, որոնք ցանկանում են ձգել հանգույցն Իրանի պարանոցի շուրջ՝ վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագրի պատճառով, և անիծված լինի այն ամենն, ինչ կանգնած է այս ճանապարհին», - գրում է պարբերականը՝ հավելելով. «Որքան էլ արդարացված չլինեն իրենց ունեցած մտահոգությունները, Հայաստանը չպետք է ենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցների»:

Հոդվածի հեղինակ Արա Խաչատուրյանը պնդում է, որ եթե Միացյալ Նահանգները նույն մանրամասնությամբ հետևեր իր ներքին ֆինանսական համակարգին, ինչպես այն հետևում է այլ պետությունների համակարգերին, ապա «մի գուցե հնարավոր կլիներ խուսափել այս երկրում բանկային համակարգի փլուզումից և համատարած կաշառակերությունից»:

«Ավելին՝ եթե ԱՄՆ-ը զգուշացրել է Հայաստանին, ապա այն մատը մատին չի խփել՝ ստիպելու Թուրքիային և Ադրբեջանին վերացնել Հայաստանի շրջափակումը, որը շարունակվում է 1993 թվականից և միջազգային իրավական օղակներում ընդունվում է որպես ագրեսիա կամ պատերազմ: Փոխարենը Միացյալ Նահանգները մշակել է [Թուրքիայի հետ] արձանագրությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքականության նման ծրագրեր, որոնք դրդում են Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության հերքումն ու նվազեցնել ինքնորոշման անձեռնմխելի սկզբունքը», - գրում է «Ասպարեզ» պարբերականի հեղինակ Արա Խաչատուրյանը:
XS
SM
MD
LG