Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը


Հայատանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լոս Անջելեսում (արխիվային լուսանկար)
Հայատանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լոս Անջելեսում (արխիվային լուսանկար)

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը զգուշորեն ողջունել է Սաուդյան Արաբիան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը:

«Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար», - ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարար Նալբանդյանի համաձայն, Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին:

«Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Այս ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը զգուշորեն ողջունել է Սաուդյան Արաբիան:

«Պայմանավորվածությունը կարող է դառնալ համապարփակ լուծման ուղղությամբ առաջին քայլը, ինչը պայմանավորված է բարի կամքի առկայությամբ», - ասված է Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիմնականում սունիներով բնակեցված Սաուդյան Արաբիան մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային զենքի ստեղծմանն ուղղել միջուկային ծրագիրը, ինչը տարածաշրջանում զբաղեցրած դիրքերն ամրապնդելու հնարավորություն կտա հիմնականում շիաներով բնակեցված պետությանը՝ սունիների հաշվին: Իրանը սակայն պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ նպատակներ է հետապնդում:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Եվրոպական Միությունը կարող է արդեն գալիք ամսվա ընթացքում թեթևացնել Իրանի դեմ ուղղված որոշ պատժամիջոցներ:

Ֆաբիուսի համաձայն, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թեթևացմանն ուղղված ցանկացած քայլ կլինի «սահմանափակ, թիրախային և հակադարձելի»:
XS
SM
MD
LG