Մատչելի հղումներ

Հայաստանում տոնում են երկրի անկախության 22-րդ տարեդարձը


Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել աշխարհի պետությունների ղեկավարները

Հայաստանում այսօր տոնում են երկրի անկախության հռչակման 22-րդ տարեդարձը:

Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ Հայաստանի խորհրդարանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին որոշում էր կայացրել հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահը ստանում է շնորհավորական ուղերձներ աշխարհի պետությունների ղեկավարներից:

Այսպես, Հայաստանի նախագահին հասցեագրված շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների:

«Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով. «Ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում»:

«Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին: Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով», - իր տոնական ուղերձում նշել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:

Հայաստանի նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները», - ասված է նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Պուտինը տոնական ուղերձում վստահություն է հայտնել նաև, որ համատեղ ջանքերով կապահովվի երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:
XS
SM
MD
LG