Մատչելի հղումներ

Հայաստանից տասը տարվա ընթացքում անօրինական դուրս է բերվել 6,2 միլիարդ դոլար. զեկույց


Զեկույցի համաձայն, Հայաստանից անօրինական եղանակով դուրս բերվող ֆինանսական միջոցների տարեկան ծավալը 2007 թվականից սկսած գերազանցել 1 միլիարդը

«Global Financial Integrity» հետազոտական կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, 2002-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանից անօրինական եղանակով դուրս է բերվել մոտ 6,2 միլիարդ դոլար կազմող գումար:

Ըստ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից գործող հետազոտական կազմակերպության, դա հնարավոր է դարձել՝ Հայաստանի պետական մարմիններում կաշառակերության, հարկերից խուսափելու և ֆինանսական այլ անօրինական գործողությունների պատճառով:

Կազմակերպության կողմից այս ամիս հրապարակված «Անօրինական ֆինանսական արտահոսքեր զարգացող պետություններից 2002-ից 2011 թվականների ընթացքում» զեկույցում նշված է նաև, որ 2007 թվականից Հայաստանում գրանցվել է երկրից անօրինական դուրս բերվող գումարների աճ: Երկրից անօրինական եղանակով դուրս բերվող ֆինանսական միջոցների տարեկան ծավալը 2007 թվականից սկսած գերազանցել է 1 միլիարդը:

Զեկույցում նշված է, որ տարածաշրջանում ֆինանսական անօրինական արտահոսքերի առումով Հայաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը, մինչդեռ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը, համապատասխանաբար՝ 44-րդ և 78-րդ տեղերը:

«Անօրինական ֆինանսական արտահոսքեր զարգացող պետություններից 2002-ից 2011 թվականների ընթացքում» զեկույցում ֆինանսական միջոցների անօրինական դուրսբերման առումով առաջին երեք տեղերը զբաղեցնում են Չինաստանը, Ռուսաստանը և Մեքսիկան:

Չինաստանից տասը տարվա ընթացքում, ըստ զեկույցի, անօրինական եղանակով ընդհանուր առմամբ դուրս է բերվել 1,08 տրիլիոն, Ռուսաստանից՝ 880 միլիարդ, իսկ Մեքսիկայից՝ 461 միլիարդ դոլար ծավալով դրամական միջոց:
XS
SM
MD
LG