Մատչելի հղումներ

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու արշավը նոր թափ է հավաքում Ֆրանսիայում և Իսրայելում»


«Այս զարգացումները Թուրքիայի արտաքին քաղաքականության ձախողման նշան են». դիվանագետ

«Երևանում գործող Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը և Երուսաղեմում գործող Յադ Վաշեմ Հրեական ողջակիզման թանգարանը, ըստ Իսրայելի նախարարներից մեկի, կհամագործակցեն բազմաթիվ ոլորտներում: Ֆրանսիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, պատմության նոր դասագրքերում պարունակվում են Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեղադրանքներ, ինչը լրացուցիչ լարվածություն կարող է հաղորդել երկու պետությունների միջև հարաբերություններին»:

Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլիան Էդելշտեյնի խոսքերը, որը Երևան կատարած այցի ժամանակ ասել է. «Մեր երկու ժողովուրդները մարդկության դեմ ուղղված հանցագործությունների զոհ են: Կարծում եմ՝ երկու հաստատությունները պետք է բավականին արդյունավետ համագործակցեն ցուցադրվող նյութերի և ցուցասրահների կազմակերպման հարցում»:

«Իսրայելում ոչ ոք չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը», - Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը այցելությունների գրքում գրառում է կատարել Էդելշտայնը:

Հոդվածում նշվել է նաև, որ չնայած Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները տեղ են գտել միջնակարգ դպրոցի համար նախատեսված դասագրքերում:

«Այս երկու զարգացումները Թուրքիայի կողմից այս հարցում ցուցաբերած թուլությամբ պայմանավորված արտաքին քաղաքականության ձախողման նշան են», - գրում է պարբերականը՝ մեջբերելով բարձրաստիճան նախկին դիվանագետ Սյուհա Ումարի խոսքերը:
XS
SM
MD
LG