Մատչելի հղումներ

Հայաստանի բնակիչների 40 տոկոսը ցանկանում է լքել երկիրը


Հարավային Կովկասի երկու այլ պետությունների՝ Վրաստանի և Ադրբեջանի բնակչության շրջանում երկրից հեռանալու ցանկության մասին հայտնել է բնակչության 14-ական տոկոսը

«Նախկին Խորհրդային Միության երկրների մեծահասակ բնակության տասնհինգ տոկոսը ցանկանում է մշտական բնակչություն հաստատել մեկ այլ երկրում՝ համաձայն 2010-ից 2012 թվականներն ընկած ժամանակահատվածում հավաքված տվյալների: Այս ցանկությունը երկրից երկիր տարբեր է՝ Հայաստանում այն կազմում է 40 տոկոս, Ուզբեկստանում՝ 5: Կենտրոնական Ասիայի բնակիչների շրջանում միգրացիա ձեռնարկելու հավանականություն ամենացածրն է՝ տարածաշրջանի այլ պետությունների համեմատությամբ»:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել «Գելափ» հետազոտական կազմակերպությունը, որը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ-ի 12 երկրների 15 տարեկանից բարձր 41 072 բնակիչների շրջանում:

Հաղորդագրության համաձայն, «Հնարավորություն ունենալու դեպքում կցանկանա՞յիք մշտական տեղափոխվել այլ երկիր, թե՞ կգերադասեիք շարունակել ապրել այս երկրում» հարցին երկիրը լքելու մասին ամենամեծ պատրաստակամություն են հայտնել Հայաստանի բնակիչները, որոնց շրջանում այս ցուցանիշը կազմել է 40 տոկոս:

Հարավային Կովկասի երկու այլ պետությունների՝ Վրաստանի և Ադրբեջանի բնակչության շրջանում երկրից հեռանալու ցանկության մասին հայտնել է բնակչության 14-ական տոկոսը:

Ըստ հետազոտական կազմակերպության, որպես տեղափոխման պատճառ հետազոտության մասնակիցները հիմնականում նշել են իրենց տնտեսական վիճակը բարելավելու ցանկությունը կամ կյանքի ավելի բարձր չափանիշներ ունեցող երկրներում ապրելու ցանկությունը: Նման պատճառաբանություն է ներկայացրել մասնակիցների 52 տոկոսը: Մասնակիցների 10 տոկոսը որպես տեղափոխման դրդապատճառ նշել է լավ աշխատանք գտնելու ցանկությունը:

Հարցման մասնակիցներից ութից մեկը կամ 13 տոկոսը նշել է, թե մտահոգված են ոչ թե իրենց սեփական, այլ երեխաների ապագայով:

Հետազոտությամբ հայտնաբերվել է, որ բոլոր այն երկրներում, որտեղ անցկացվել է հարցումը, կանանց շրջանում երեխաների ապագան ապահովելու նպատակով տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ է և կազմում է 17 տոկոս՝ համեմատած տղամարդկանց շրջանում 10 տոկոսի: Երեխաների ապագան ապահովելը որպես միգրացիայի պատճառ ավելի բարձր է նաև 15 տարեկանից երիտասարդ երեխաներ ունեցող ընտանիքներում:

Որպես այս հետազոտությունից հետևող եզրակացություն «Գելափ»-ը նշել է, որ պետությունների ղեկավարները պետք է ճանաչեն, որ, չնայած միգրացիայի դիմելու մարդկանց ցանկությունը հիմնական տնտեսական բնույթի է, այլ երկրներում բնակության մեկնելու մարդկանց խթանում է նաև երեխաների համար առավել բարենպաստ ապագայի ապահովման ցանկությունը:

«Եթե բնակության երկրները չապահովեն լավ աշխատատեղեր, տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ կարող են գործողության դնել իրենց երկրները լքելու ցանկությունը՝ իրենց և իրենց ընտանիքների համար առավել լավ աշխատանք և կյանքի առավել բարձր ստանդարտներ ապահովելու նպատակով», - եզրակացնում է «Գելափ» հետազոտական կազմակերպության հարցման արդյունքների մասին հրապարակված հայտարարությունը:
XS
SM
MD
LG