Մատչելի հղումներ

«Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ հանդիպումների վերսկսումը»


Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 14-րդ նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 14-րդ նիստին։

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ-ի Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ անցած նիստին քննարկվել է երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության զարգացումները՝ Վիլնյուսի գագաթաժողովի համատեքստում, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը, այդ շրջանակներում Եվրախորհրդի-Եվրամիության համագործակցությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստին անդրադարձ արվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նիստի ընթացքում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա, մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստանի և ԵՄ-ի միջև Համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում», - ասել է նախարար Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ըստ հաղորդագրության, ընդգծել է, որ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը և դատական համակարգի կատարելագործումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստան - Եվրոպական Միություն ընդհանուր օրակարգի կարևոր բաղադրիչներն են, և ԵՄ-ի շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով:

Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը անցել են վավերացման գործընթացը և ուժի մեջ կմտնեն 2014 թվականի հունվարից: Հայաստանը ակնկալում է մեկնարկել Եվրամիության հետ համապատասխպան գործընթաց՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ստորագրումը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին մասնակցելու ԵՄ-ի ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ-ի տարբեր Գործակալությունների հետ։ Հայաստանը, ըստ արտգործնախարարի, նաև շահագրգիռ է ԵՄ-ի հետ խորացնելու ոլորտային համագործակցությունը, քայլեր ձեռնարկել առավել բարենպաստ միջավայրի կայացման համար՝ ներդրումների խրախուսման և առևտրատնտեսական կապերի ընդլայման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ հարկավոր է, հիմնվելով համատեղ ձեռք բերված արդյունքների վրա, աշխատել Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության իրավական շրջանակը հստակեցնելու համար։

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները` նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, նախագահների հանձնարարությամբ Կիևում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների արդյունքները:

«Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ հանդիպումների վերսկսումը և վերահաստատել են աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին», - եզրափակում է հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG