Մատչելի հղումներ

Հայաստանում կոռուպցիայի դրսևորումների վերլուծությունը՝ PFA-ի նոր զեկույցում


«Կոռուպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղթահարելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»

«ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող «Policy Forum Armenia» (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքեր և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ»։

Այս մասին ասված է «Policy Forum Armenia» կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, որի համաձայն զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։

«Օրինակ՝ կոռուպցիայի հետ առընչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը» - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։

«Policy Forum Armenia» կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, դոկտոր Զավեն Քալաջյանը, որի խոսքը մեջ է բերվում հաղորդագրության մեջ, նշել է. «Իր բնույթից ելնելով՝ կոռուպցիան շատ դժվար է բացահայտել։ Հենց այդ պատճառով էլ մեթոդների ընտրությունները և վերլուծության ոլորտները ընտրվել են շատ զգուշորեն՝ զեկույցն առավելագույնս արժեքավոր դարձնելու համար։ Հայաստանի տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտներն ուսումնասիրելիս խումբն օգտագործել է ինչպես քանակական, այնպես էլ իրական դեպքերի ուսումնասիրման մեթոդներ արդարադատությունից ու ռազմական ոլորտից մինչև փողերի լվացում և մանրածախ կոռուպցիա՝ ընդհանուր կոռուպցիայի և կաշառակերության մակարդակը առավելագույնս ճշգրիտ չափելու համար։ Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ կոռուպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղթահարելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»։

Վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցը, ըստ հաղորդագրության, նպատակ ունի խթանելու Հայաստանում կոռուպցիայի մասին քննարկումներն և նախազգուշացնել կոռումպացված պաշտոնյաներին այն մասին, որ քաղաքացիական հասարակության կառույցները պատրաստ և կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից և վերադարձնել դրանք իրենց օրինական տերերին։

«Policy Forum Armenia»-ն շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը։
XS
SM
MD
LG